Դրան նախորդել էին զանգվածային ցույցեր, ընդդիմության կողմից նախագահական աշխատակազմի շենքի վրա գրոհ և Գերագույն դատարանի որոշումը նրան պաշտոնից հեռացնելու վերաբերյալ " />

Աբխազիայի նախագահը համաձայնել է հրաժարական տալ, նոր նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 22-ին

Դրան նախորդել էին զանգվածային ցույցեր, ընդդիմության կողմից նախագահական աշխատակազմի շենքի վրա գրոհ և Գերագույն դատարանի որոշումը նրան պաշտոնից հեռացնելու վերաբերյալ

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարություն է ստորագրել հունվարի 9-ին սկսված ընդդիմության զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարական տալու վերաբերյալ:

Մինչ այդ նման բանաձև ընդունել էր խորհրդարանը, իսկ հետո նրան պաշտոնից հեռացնելու մասին որոշումը հաստատել էր  Գերագույն դատարանը: 

Հունվարի 11-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանեց նոր նախագահական ընտրությունների օրը. դրանք նշանակված են մարտի 22-ին: 

Սակայն Ռաուլ Խաջիմբան հրաժարվում էր հրաժարական տալ և հայտարարում, որ հակընդդեմ դատական հայց կներկայացնի: Նախագահի շրջապատից նաև ենթադրություններ էին հնչում, որ գործող նախագահը կշարունակի աշխատանքն այնքան, մինչև մարտին կընտրվի նոր նախագահը: 

Հունվարի 12-ի երեկոյան ընդդիմության մոտ 1000 կողմնակիցներ հավաքվել էին Սուխումում նախագահական նստավայրի մոտ: Ցուցարարների մի մասն այստեղ էին եկել ոտքով՝ նախագահական աշխատակազմի շենքից, շատերը եկել էին մեքենաներով: Այդ երկու շենքերը միմյանցից գտնվում են մոտ 4 կմ հեռավորության վրա: 

Ցուցարարները պահանջում էին, որ Ռաուլ Խաջիմբան անհապաղ հրաժարական տա: Որոշ ժամանակ անց նախագահը պատասխանեց, որ կստորագրի հայտարարություն, եթե ընդդիմությունը ցրվի: Այդ առաջարկը հավաքվածները թշնամաբար ընդունեցին: Եվ ևս 10 րոպե անց հայտնի դարձավ, որ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է ներկայացրել: 

Ինչ է կատարվում Աբխազիայում 

Միավորված ընդդիմությունը 2019թ. սեպտեմբերի 8-ի նախագահական ընտրություններից հետո պահանջում էր չեղարկել դրանց արդյունքները: Այդ ժամանակ ոչ մեծ առավելությամբ երկրորդ փուլում հաղթող էր ճանաչվել գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: 

Սակայն ընդդիմությունն այդ հաղթանակը համարեց անօրինական: Խաջիմբան հավաքել էր ձայների միայն 47 տոկոսը, իսկ օրենքով անհրաժեշտ էր ձայների 50%+1: 

Քաղաքական ճգնաժամը սկսվել էր հունվարի 9-ին: Ընդդիմության մոտ 1000 համախոհներ սկզբում պաշարել էին նախագահական պալատը, հետո ներխուժել այնտեղ: Հունվարի 10-ին ցուցարարներին աջակցություն հայտնեց խորհրդարանը, որն ընդունեց բանաձև՝ առաջարկելով գործող նախագահին հրաժարական տալ: 

Նախագահը, որն այդ ամբողջ ընթացքում գտնվում էր «պետական ամառանոցում», իր այլընտրանքային նստավայրում, հրաժարվեց ընդունել այդ առաջարկը և հայտարարեց, որ պատրաստ է ընդդիմության հետ երկխոսության: 

Սակայն ընդդիմությունը հրաժարվեց երկխոսությունից, ցուցարարներն էլ հայտարարեցին, որ չեն լքի նախագահական աշխատակազմի շենքը, մինչև Խաջիմբան հրաժարական չտա: 

Արդյունքում հունվարի 10-ին Գերագույն դատարանը պաշտպանեց ընդդիմությանը և հաստատեց նախագահին պաշտոնից հեռացնելու որոշումը՝ նշանակելով նոր ընտրություններ: 

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Կարդալ ավելին JAMnews-ում