Հիվանդանոցում տեղադրել են նախկինում օգտագործված սարքավորումներ, բայց դրանց համար վճարել են՝ որպես նորի" />

Աբխազիայի առողջապահության նախարարությանը կասկածում են բժշկական սարքավորումների խարդախությունների մեջ

Հիվանդանոցում տեղադրել են նախկինում օգտագործված սարքավորումներ, բայց դրանց համար վճարել են՝ որպես նորի

Աբխազիայի ընդդիմությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, որոնք մասնակից են հիվանդանոցի բժշկական սարքավորումների համար հանրապետության բյուջեից հատկացված գումարների շորթման մեջ:

Սկանդալը սկսվել է Աբխազիայի Վերահսկիչ պալատի հաշվետվությունից հետո, որը ստուգում է անցկացրել առողջապահության նախարարությունում՝ 2016թ. բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը ճշտելու համար: Ստուգումները, մասնավորապես, ցույց են տվել, որ նախարարությունը Սուխումի մասնավոր «Սավիտար» կլինիկայի համար ձեռք է բերել սարքավորումներ, որոնք արդեն մի քանի տարի կիրառության մեջ են եղել:

Փաստաթղթերում, սակայն, դա որևէ կերպ չի նշվել. առողջապահության նախարարությունը չի կարողացել ներկայացնել այդ սարքավորումների որևէ տեխնիկական անձնագիր: Ընդ որում, նշված է եղել, որ դրանց համար վճարվել է նոր սարքավորումների գին:

Գործարքի արժեքը կազմել է ավելի քան 40 միլիոն ռուբլի (մոտ 600 հազար դոլար): Այդ գումարի մի մասը դուրս է գրվել նախագահի պահուստային ֆոնդից:

Վերահսկիչ պալատը նաև անցկացրել է համեմատական գնային վերլուծություն և եկել է այն եզրակացության, որ անգամ եթե նախարարւթյունը գներ միանգամայն նոր սարքավորումներ, միևնույն է, դրանց համար պետք է վճարեր մոտ 4 միլիոն դոլարով պակաս գումար (շուրջ 68 հազար դոլար):

«Մենք լռում ենք, չենք արձագանքում: Լռում է նախագահը: Լռում է վարչապետը: Ու՞մ ենք սպասում»,ասում է ընդդիմության առաջնորդներից խորհրդարանի պատգամավոր Ասլան Բժանիան:

Հենց նա էլ Աբխազիայի խորհրդարանի նիստում բարձրացրել է առողջապահության նախարարության աշխատանքները ստուգելու անհրաժեշտության հարցը: Բժանիան կոչ է արել «հստակություն մտցնել հարցում» կամ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատասխանատու են Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների համար, հակառակ դեպքում՝ լուծարել հենց Վերահսկիչ պալատը:

Խորհրդարանը պատրաստվում է առաջիկայում լսումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում