Ենթադրություններ կան, որ ենթակառուցվածքների նախապատրաստում է ընթանում, որպեսզի Վրաստանի տարածքով գործարկվի տարանցման հոսք" />

Փորձագետները «գրոտեսկային» են անվանում Հարավային Օսիայում սեփական լցակայաններ բացելու «Ռոսնեֆտի»որոշումը

Ենթադրություններ կան, որ ենթակառուցվածքների նախապատրաստում է ընթանում, որպեսզի Վրաստանի տարածքով գործարկվի տարանցման հոսք

Ռուսական խոշորագույն «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը հայտարարել է Հարավային Օսիայում իր լցակայանները բացելու որոշման մասին: Հաղորդվում է, որ այդ մասին պայմանավորվել են Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն ու «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ: Միաժամանակ ընդգծվում է, որ այդ հանդիպմանը նախորդում էր Բիբիլովի հանդիպումն ավելի բարձր մակարդակում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հարավային Օսիայի ղեկավարն այդ առթիվ բարձր հայտարարություն է արել. «Մենք հույս ունենք, որ «Ռոսնեֆտի»՝ Հարավային Օսիա մտնելուն զուգահեռ անորակ վառելիքի և դրա ոչ ժամանակին մատակարարման բոլոր խնդիրները կլուծվեն»:

Ինչպես հաղորդում է նրա մամուլի ծառայությունը, հաջորդ երկու շաբաթվա ընթացքում հանրապետություն կգան ընկերության մասնագետները, որոնց հետ կմշակվեն լիցքավորման կայանների կառուցման և գործարկման մանրամասները:

Միաժամանակ ռուս փորձագետները խոսում են գործարքի տարօրինակության մասին. պարզ չէ, թե ինչու է փոքր հանրապետությունում մի քանի լցակայանի բացման որոշումը կայացվել ՌԴ նախագահի մակարդակում: Բացի այդ, անհասկանալի է, թե որն է գործարքից «Ռոսնեֆտի» շահը:

«Էխո Կավկազային» տված հարցազրույցում ռուս քաղաքագետ Վլադիմիր Նովիկովը համեմատություն է անում Աբխազիայի հետ:

Աբխազիայում, ասում է նա, «Ռոսնեֆտը դուստր ձեռնարկություն ունի, կան հատվածներ, որոնք նավթաբեր են կամ պոտենցիալ նավթաբեր»: Սակայն նման բան չկա Հարավային Օսիայում:

Իսկ եթե խոսենք բենզինի վաճառքից ստացվող եկամուտների մասին, ապա «կրկին դրդապատճառները կասկածելի են», ասում է Նովիկովը: «Այնտեղ շուկան շատ փոքր է, բնակչությունն ընդամենը 50 հազար մարդ է: Նույն Աբխազիայում, համեմատության համար, բնակչությունը 200 հազար է»:

Քաղաքագետը ենթադրեց, որ այդ գործարքը, որը ցուցադրաբար այդքան բարձր մակարդակում է կնքվել, պետք էր հիմնականում Անատոլի Բիբիլովի իմիջի համար. «Բոլորը տեսան, որ նա հանդիպել է կշիռ ունեցող պետական գործչի հետ, որը պատասխանատու է շատ լուրջ ընկերության համար»:

Քննարկման ևս մեկ տեսանկյուն ներկայացրեց ռուս տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Կարավաևը:

Դա կարող է դառնալ հանրապետության գաղտնի լրացուցիչ ֆինանսավորման մեթոդ, «Էխո Կավկազային» ասել է նա:

«Լցակայանների և հարակից ենթակառուցվածքների ծախսերը կուռճացվեն և կբաշխվեն, այսպես ասենք, արժանի մարդկանց միջև: Այսինքն՝ դա լրացուցիչ աղբյուր է ոչ միայն հանրապետության բյուջեի, այլ նաև էլիտայի համար:

Եթե մենք, օրինակ, խոսում ենք ինչ-որ շատ թանկարժեք օբյեկտների մասին Պարսից ծոցի միապետություններում, ապա մենք դրանք ընկալում ենք որպես նորմա: Չնայած այդ ծախսերը նույնպես հիմնավորված չեն, դրանք կարծես իմիջի համար են… Ուրեմն ինչո՞ւ չօգտագործել «Ռոսնեֆտը» որպես դոնոր հարավային Օսիայի զարգացման համար:

Լցակայանները, որտեղ կլինեն զուգարաններ, խանութներ, ինչ-որ լրացուցիչ ծառայություններ, զբոսաշրջային առումով կբարձրացնեն Հարավային Օսիայի գրավչությունը»:

Ալեքսանդր Կարավաևը ենթադրեց նաև, որ ողջ գործարքը կարող է ավտոմոբիլային-ճանապարհային ենթակառուցվածքի նախապատրաստում լինել Վրաստանի տարածքով տարանցման հոսքի գործարկման համար:

2017թ-ի մայիսին Հարավային Օսիայում բենզինի հետ կապված զեղծարարության սխեմա է բացահայտվել, քրեական գործ է հարուցվել հանրապետության վառելիքի  կենտրոնացված մատակարար «Հարավօսնավթամթերք» ընկերության ղեկավարի հանդեպ:

Կոռուպցիոն սխեման այսպիսի տեսք ուներ. հայտնի ռուսական բրենդի բենզինը գալիս էր Վլադիկավկազ, այստեղ այն խառնում էին այլ նյութերի հետ, և արդեն այդ տեսքով ցածր որակի բենզինը Ցխինվալ էր հասնում:

«Հարավօսնավթամթերքը» 2014թ-ից Ռուսաստանից դեպի Հարավային Օսիա նավթամթերքի ներկրողն է այդ ընկերության և «Ռոսնեֆտ» ընկերության միջև պայմանագրի հիման վրա:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում