Սպանությունից 6 ամիս անց հայտնի չէ, թե ով է Թբիլիսիի կենտրոնում սպանել դպրոցականին " />

Թբիլիսիում դպրոցականների սպանության գործով դատական որոշումը կարող է զանգվածային ցույցերի հանգեցնել

Սպանությունից 6 ամիս անց հայտնի չէ, թե ով է Թբիլիսիի կենտրոնում սպանել դպրոցականին

Թբիլիսիի կենտրոնում 16-ամյա դեռահասներ Լևան Դադունաշվիլիի և Դավիթ Սարալիձեի դաժան սպանությունից վեց ամիս անց դատարանը վճիռ է կայացրել և մասնակիորեն արդարացնել է այդ գործով մեղադրյալ երկու անչափահասներին:

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ՝ մեղադրյալներից մեկը մեղավոր է ճանաչվել Դադունաշվիլիի սպանության գործով, սակայն արդարացվել է Սարալիձեի սպանության մասով: Ինչ վերաբերում է սպանության երկրորդ մեղադրյալին, ապա դիտավորյալ սպանության մեղադրանքը վերավորակավորվել է որպես դիտավորյալ սպանության փորձ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Դատարանի որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել:

Սպանվածներից մեկի հայրըը՝ Զազա Զալարիձեն, կոչ է արել Վրաստանի բնակչությանն աջակցել իրեն և փողոց դուրս գալ՝ պահանջելով գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականը:

Սարալիձեի հիմնական բողոքը վերաբերում է ոչ թե դատարանին, այլ դատախազությանը: Ավելի վաղ Սարալիձեն բազմիցս հայտարարել է, որ ոստիկանությունը ձերբակալել է ոչ բոլոր մեղավորներին: Սարալիձեն մի քանի ամսվա ընթացքում մեղադրում էր դատախազությանը, որ այն խոչընդոտում է օբյեկտիվ հետաքննության անցկացմանն ու պաշտպանում գերատեսչության նախկին աշխատակցի որդուն, որը մասնակից է իր որդու սպանությանը:

«Իմ խոսքերը հաստատել է դատարանը, որն արդարացրել է իմ տղայի գործով ձերբակալվածներին: Դատարանն այդ որոշմամբ ասել է դատախազությանը, որ իրական սպանողներն ազատության մեջ են», — լրագրողներին ասել է Սարալիձեն  դատից հետո:

Սարալիձեի փաստաբանները նույնպես ասում են, որ դատարանի որոշումն ապտակ էր դատախազությանը, որն իրական մեղավորներին ազատության մեջ է թողել:

Դատարանի որոշման հրապարակումից հետո դատարանի շենքի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվեց: Սարալիձեն ու նրան աջակցելու եկած տասնյակ մարդիկ բղավում էին «ամոթ» և «մարդասպաններ»: Թբիլիսիի քաղաքային դատարանից նրանք ուղևորվեցին դեպի քաղաքային դատախազության շենք:

«Այս համակարգը պետք է փլուզվի: Կամ այն կփլուզվի, կամ ես կմահանամ: Բոլորին կոչ եմ անում. կողքիս կանգնեք», — էմոցիոնալ կերպով լրագրողներին ասել է Սարալիձեն:

Լուսանկարը՝ Հանրայի Թի-Վիի

Դատախազության մոտ մարդիկ են հավաքվում, որոնք ուզում են աջակցել Սարալիձեի հորը: Այնտեղ են արդեն տարբեր ընդդիմադիր կուսակցությունների և հանրության ներկայացուցիչներ:

Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է հատուկ հանձնաժողով ստեղծել, հրավիրել գլխավոր դատախազին խորհրդարան և մի քանի հարց տալ նրան:

«Մարդուն, ում որդուն սպանել են դանակի 12 հարվածով, ասում են, որ նրա որդուն սպանողը գոյություն չունի: Նա բախվել է անհավատալի անարդարության, և գործընթացները կարող են շատ վտանգավոր ընթացք ստանալ փողոցում: Այդ պատճառով էլ մենք պետք է անենք առավելագույնն այս գործին միջամտելու համար», — կարծում է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Էլենե Խոշտարիան:

Թբիլիսիի  №51 դպրոցում սովորող 16-ամյա Դավիթ Սարալիձեն և Լևան Դադունաշվիլին արյունոտ վիճաբանության զոհ են դարձել, որը տեղի է ունեցել 2017թ-ի դեկտեմբերի 1-ին Խորավա բազմամարդ փողոցում ցերեկվա ժամին: Երկուսն էլ դանակի մահացու վիրավորումներ են ստացել: Դադունաշվիլին տեղում է մահացել, Սարալիձեն՝ որոշ ժամանակ անց հիվանդանոցում: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է 2 անչափահասների և առգրավել հանցագործության գործիքները՝ երկու դանակները:

Ձերբակալվածներից մեկի փաստաբանի խոսքով՝ մեղադրվող դեռահասները սպանություն չեն կատարել: Սակայն դատարանի այսօրվա որոշումը վկայում է այն մասին, որ Դավիթ Սարալիձեի իրական մարդասպանը մինչև հիմա ձերբակալված չէ:

«Դատարանի որոշումը մեզ համար սպասված էր… Մենք վստահ էինք, որ դատարանն ասելու է, որ իմ պաշտպանյալը չի սպանել Դավիթ Սարալիձեին: Այս մասով դատարանը կիսել է մեր դիրքորոշումը: Դավիթ Սարալիձեի սպանությունն իրոք կատարած անձինք մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել: Այս որոշումը պետք է խթան լինի, որպեսզի քննչական մարմինները մեղադրեն իրական հանցագործներին», — ասել է փաստաբան Տարիել Կակաբաձեն:


Կարդալ ավելին JAMnews-ում