«Օրենքով գող» և «քրեական հեղինակություն» կարգավիճակները բավականաչափ հիմք կլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու համար " />

«Գողը պետք է նստի բանտ»․ Հայաստանում հաստատել են Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

«Օրենքով գող» և «քրեական հեղինակություն» կարգավիճակները բավականաչափ հիմք կլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու համար

Հայաստանում որոշվել է պայքարել «օրենքով գողերի» դեմ։ Կառավարությունը հաստատել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը խստացնում է «քրեական աշխարհի» մաս լինելու համար պատասխանատվությունը։

Ռուսաստան․ դրախտ գողերի համա՞ր

Նամակներ հայաստանյան բանտից․ «Գողական ամենաթողություն»

Մանրամասներ՝ փոփոխությունների մասին

Նախագիծը կառավարությունում ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Փոփոխությունների համաձայն՝ «օրենքով գողի» կարգավիճակի առկայությունն այժմ բավարար հիմք է լինելու քրեական պտասխանատվության ենթարկելու համար։

«Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար», – ասել է Բադասյանը։

Արդարադատության նախարարը շեշտել է, որ փոփոխությունները կվերաբերեն ոչ միայն անմիջականորեն «օրենքով գողերին», այլ նաև «քրեական հեղինակություններին»։

Բացի այդ, քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև այն անձանց համար, ովքեր կդիմեն «օրենքով գողերին» տարբեր խնդիրների լուծման համար։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես կողմ է արտահայտվել փոփոխությունների փաթեթի ընդունմանը․

«Այդ ենթամշակույթի շահառուները էական վնասում են հանցագործությունների բացահայտմանը․․․ Կարծում եմ, իրավապահ մարմիններն այս պահից սկսած պետք է պատրաստվեն օրենքի իրացմանը, քանի որ, երբ այն ուժի մեջ մտնի, վճռական մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացվի»։

Հայաստանի կառավարությունն օրենքը միաձայն է ընդունել։ Ավելի վաղ քրեական օրենսգրքում նմանատիպ փոփոխություններ են մտցրել նաև Վրաստանն ու Ռուսաստանը։

Վարչապետի մեկնաբանությունը

Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը հայտարարել է․

«Խոսքը «օրենքով գողերի», «սխոդկաների», կներեք, որ այսպիսի բառեր եմ օգտագործում, «օբշյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է: Այս օրենքը նրա համար է, որ նրանք, ովքեր դրանում ներգրավված են, պատասխանատվության ենթարկվեն։ Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»։

Վարչապետն անդրադարձել է քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու թեմային նաև իր ֆեյսբուքյան էջում․

«Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ «Вор должен сидеть в тюрьме!» [«Գողը պետք է նստի բանտ» արտահայտությունը վարչապետը ռուսերեն է ներկայացրել իր էջում – JAMnews]»։

Ի՞նչ են գրում սոցցանցերում

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը մեծ մասամբ դրական են արտահայտվել սպասվող փոփոխությունների վերաբերյալ։

Ահա մի քանի մեկնաբանություն, որոնք արվել են Նիկոլ Փաշինյանի էջում՝ հենց նրա գրառման տակ․

«Մենք բոլորս հիացած ենք։ Բրավո»;

«Երկար սպասված փոփոխություններ և օրենքների լրամշակում։ Վերջապե՜ս»;

 «Դե որ այդպես է, մի մոռացեք այսպես կոչված «չաստ նայողների» մասին, թե չէ բանակում խառնաշփոթը շարունակվում է։ Ձեր տղային բանակում մատով չեն դիպչի․․․, իսկ ովքեր բարձր հովանավորներ չունեն, այ նրանք մեծ խնդիրներ ունեն։ Միգուցե Ձեզ ինչ-որ մարդիկ այնպես չեն զեկուցում, ինչպես իրականում է․․․ Իսկ սրանք Ձեր իսկ խոստումներն են՝ հրապարկում ժողովրդի առջև տրված, որոնք Դուք միգուցե արդեն մոռացել եք»;

«Գողը պետք է բանտ նստի։ Եվ «բառիգները»՝ նույնպես։ Իսկ մեզ մոտ լրիվ ամենաթողություն է այս հարցում, ցավոք։ Մեծ մասը թմրամոլ է կամ թմրանյութ վաճառող։ Ոստիկանությունն անգործության է մատնված․․․»;

«Եթե գողը պետք է բանտ նստի, ուրեմն ինչո՞ւ է Սերժիկը [Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյան – JAMnews] իր բանդայով ազատության մեջ։ Չէ՞ որ նա մի ամբողջ ժողովուրդ է կողոպտել։ Թե՞ նա «ընտրյալ է»։


Կարդալ ավելին JAMnews-ում