Հայաստանում պետությունը կօգնի աշխատող ուսանողներին վճարել ուսման վարձը
Հայաստանում պետությունը կփոխհատուցի բուհերի աշխատող ուսանողների ուսման վարձը՝ վերադարձնելով նրանց աշխատավարձերից գանձվող եկամտահարկը։
Հարկային արտոնություններ ուսանողները կարող են ստանալ այն 80 մասնագիտությունների համար, որոնք կառավարությունը կարևոր է համարում երկրի զարգացման այս փուլում։
Հունիսի 2–ին կրթության նախարարությունն արդեն հայտարարել է այն մասնագիտությունների ցանկը, որոնց դեպքում կփոխհատուցվի մագիստրոսների և ասպիրանտների ուսման վարձը։ Հետագայում պլանավորվում է այդ ծրագրում ներառել նաև բակալավր ուսանողներին։
- Համընդհանուր ներառական կրթությունը Հայաստանում։ Հիմնարար բարեփոխո՞ւմ, թե՞ չմտածված փորձարկում
- Միևնույն դասարանում՝ սովորական երեխաներն ու առանձնահատուկները։ Այսպես են փորձում անել Հայաստանում
Ո՞վ կարող է օգտվել արտոնություններից
Հարկային փոխհատուցման մասին օրինագիծը 2020 թ–ի հունվարի 15–ին հաստատել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը։
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խորհրդարանական իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսպես հիմնավորեց օրինագծի ընդունումը․
«Մեզ մոտ հաճախ ուսանողի ուսման համար վճարում են նրա ընտանիքի անդամները, ծնողները։ Սակայն ուսանողներին՝ հատկապես մագիստրոսներին, պետք է օգնել ինքնուրույն գումար վաստակել։ Դա նրանց մոտ նոր վերաբերմունք կձևավորի ուսման և աշխատանքի նկատմամբ»։
Մարտին Ազգային ժողովի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին օրինագիծը։
Այդ արտոնությունից կարող են օգտվել միայն Հայաստանի քաղաքացիները և միայն մեկ անգամ, այսինքն՝ մեկ մասնագիտություն ստանալու համար։
Եկամտահարկը կուղղվի այն ուսանողների ուսման վարձի մարմանն, ովքեր մասնագիտություն են ստանում կրթության, հումանիտար գիտությունների, արվեստի, պատմության, փիլիսոփայության, քիմիայի, ինֆորմատիկայի, մեքենաշինության, արդյունաբերության, շինարարության, բժշկության ոլորտներում։
Կրթության նախարարությունում կարծում են, որ «այսօր աշխատաշուկայում մասնագիտություններ կան, որոնք թափուր են մնում դիմորդների համապատասխան կրթության և գիտելիքների բացակայության պատճառով»։ Ըստ նախագծի հեղինակների՝ այն կարգավորելու է համալսարանների և աշխատաշուկայի միջև կապը։