Հայաստանի կառավարությունը կօգնի «զրոյից» բիզնես սկսել․ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ևս մեկ ծրագիր
Հայաստանի կառավարությունը բանկերին երաշխիքներ կտրամադրի, որպեսզի նրանք, իրենց հերթին, վարկեր տրամադրեն սկսնակ գործարարներին, որոնք ունեն հետաքրքիր և հեռանկարային գաղափարներ։
Սա կորոնավիրուսի տարածման սոցիալական և տնտեսական հետևանքների դեմ պայքարի արդեն 19-րդ հակաճգնաժամային ծրագիրն է։
- Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից աղետ է սպասվում վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
- Հայաստան․ «արժեքների» համար պայքարողները չեն խանգարի պաշտպանել երեխաներին
Ո՞վ և ի՞նչ կստանա
Սկսնակ գործարարների համար վարկի առավելագույն գումարը կկազմի 10 միլիոն դրամ։
«Իսկ այն ընկերությունները, որոնք կորոշեն իրենց արդեն գործող բիզնեսը տանել նորարարական ճանապարհով, կարող են օգտվել 20 միլիոն դրամի վարկից», — ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ըստ նախարարի՝ այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ սկսնակ գործարարները, որոնք գործնականում կապացուցեն իրենց նախագծերի հաջողությունն ու կենսունակությունը, բիզնեսի զարգացման հաջորդ փուլում պետությունից ավելի մեծ ֆինանսավորում կստանան։
Ծրագրի պոտենցիալ մասնակիցներին ներկայացվող պայմաններից մեկը լավ վարկային և հարկային պատմությունն է։
Վարկի տոկոսադրույքը 7–10% է։ Սակայն սկսնակ գործարարներին կարող է հնավարություն ընձեռնվել առաջին 6 ամսում վճարել վարկի միայն մայր գումարն առանց տոկոսի։
Պետական աջակցության այս ծրագրից, նախևառաջ, կարող են օգտվել սպասարկման ոլորտի կամ վերամշակման արդյունաբերության կազմակերպությունները։
«Մեր օժանդակությունը հիմնականում ուղղված է լինելու Երևանից դուրս ծավալվող գործունեությանը։ Դա կապված է նրա հետ, որ, որպես կանոն, ֆինանսական միջոցները դժվար հասանելի են Երևանից դուրս բիզնես սկսողների համար», — ասել է էկոնոմիկայի նախարարը։
Նա նշել է նաև այն ոլորտները, որոնց պարագայում կառավարությունը մտադիր չէ օգնություն ցուցաբերել այս ծրագրի շրջանակում։ Դա ֆինանսական և խաղային ոլորտի ծառայություններն են, ինչպես նաև մանրածախ առևտուրը։
Էլ ինչ հակաճգնաժամային ծրագրեր կան
Ավելի վաղ 18 այլ ծրագրեր են մշակվել։ Դրանցից յոթը տնտեսական ուղղվածություն ունի և օգնություն է առաջարկում գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, փոքր ու միջին բիզնեսին և միկրոբիզնեսին։
11 ծրագիր ենթադրում է սոցիալական օգնության տրամադրում առավել խոցելի խմբերին, նաև անչափահասների ծնողներին, որոնք աշխատանքը կորցրել են արտակարգ դրության ժամանակահատվածում։
Փորձագետները քննադատում են տնտեսական ծրագրերի մի մասը։ Նրանք կարծում են, որ կառավարությունը պետք է հաշվարկեր, թե ինչ օգուտ կարող է բերել այս կամ այն միջոցառումը ՀՆԱ ձևավորման հարցում, և միայն դրանից հետո առանձնացնել տնտեսության այն ճյուղերը, որոնց օգնություն է տրամադրվելու։ Եվ այժմ ծրագրերը ոչ բավականաչափ արդյունավետ են հենց այն պատճառով, որ մինչև վերջ մտածված չեն եղել։
Սակայն վարչապետն, ընդհանուր առմամբ, գոհ է հակաճգնաժամային ծրագրերից։ Իր վերջին մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․
«Այդ ծրագրերի շրջանակում մայիսի 16-ի դրությամբ բաշխվել է 84,4 մլրդ դրամ, որից օգտվել է 48,4 հազար իրավաբանական անձ և մոտ 1,1 մլն ֆիզիկական անձ»։